08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն հարաբերությունների առավել զարգացմանը:
Դեսպան Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և մաղթանքների համար՝ նշելով, որ Իտալիայում համավարակի ընթացքում միշտ զգացել է հայ ժողովրդի ջերմությունն ու բարեկամությունը:
Խոսելով Հայաստանի և Իտալիայի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության շարունակական ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցին, երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավորություններին: Դեսպան Դել Մոնակոն ասել է, որ բարձր մակարդակի այցը նշանակալի կլինի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև նշված ոլորտներում համագործակցության խորացման առումով: