346 դիտում, 2020.06.02 14:01

Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է: Այս մասին հայտնում է armtimes.com կայքը։ 

Այս մասին տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով: Գրառմանն անմիջապես արձագանքել էին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: Դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական: Մայիսի 23-ին էլ Խաչատրյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն, բացատրություն տվել, ապա՝ ազատ արձակվել:

Նշենք, որ նախկինում վիրավորանքն ու զրպարտությունը կարգավորվում էին Քրեական օրենսգրքով, սակայն 2010 թվականին դրանք ապաքրեականացվել են: Այժմ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով (հոդված 1087.1 ):

կիսվել նյութով -