Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը երկօրյա պարետային ժամ է հայտարարել մայրաքաղաքի շրջանում, որը մեկնարկելու է երկուշաբթի երեկոյան: Որոշման պատճառը՝ վերջին օրերին քաղաքում ոստիկանության ներկայացուցիչների և Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո փողոց դուրս եկած ցուցարարների միջև տեղի ունեցող ռազմական բախումներն են։
Վաշինգտոնից բացի այս միջոցին են դիմել նաև այլ քաղաքների և նահանգների ղեկավարները: Մասնավորապես, Մինեսոտայի նահանգապետը հայտարարել է երկու օրով պարետային ժամը երկարաձգելու մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպաներին։