370 դիտում, 2020.06.01 21:50

Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան. Փաշինյան

Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան. Փաշինյան

Կորոնավիրուսը շատ ծանր հիվանդություն է, և բոլորի խնդիրն է դրան շատ լուրջ վերաբերվել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Լարված է իրավիճակը: Եվ ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք: Բայց հիվանդության առանձնահատկությունը նրանում է, որ ցավոք սրտի, շատ հիվանդներ, ովքեր ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են: Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի երկրորդ ալիքին՝ նա նշեց, որ երկրորդ ալիքը հենց դա էր, երբ դեպքերի որոշակի նվազումից հետո կրկին արձանագրվում է դեպքերի այսպիսի աճ: «Պետք է առավելագույնն անենք այդ երկրորդ ալիքը հսկողության տակ պահելու համար: Եվ ուղիղ ուզում եմ ասել՝ կառավարության ջանքերն իհարկե առաջնային են, սակայն յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունը շատ բան է որոշում»,-ասաց վարչապետն ու համոզվածություն հայտնեց, որ քաղաքացիները անհատական բարձր պատասխանատվություն կցուցաբերեն:

Հայաստանում հունիսի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402 -ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  58 668 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք: 

 

կիսվել նյութով -