532 դիտում, 2020.06.01 18:11

Պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը

Պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները:

Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018 թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի: Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով, որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:

Առավել ցայտուն օրինակը 2019 թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը: Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների)  և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա: Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

  1. Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարում Սահմանադրության և օրենքի պահանջները:
  2. Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:
  3. Պատկերացնու՞մ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է:
կիսվել նյութով -