472 դիտում, 2020.06.01 17:42

Սննդի ապահովման նոր համակարգը գործում է արդեն բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում

Սննդի ապահովման նոր համակարգը գործում է արդեն բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում

2019 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից «Նուբարաշեն» և մասնավորապես ամենամեծ լրակազմն ու առավել մեծ թվով շահառու ունեցող «Արմավիր» ՔԿՀ-ում «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել էր կալանավորված անձանց և դատապարտյալների սննդի ապահովման փորձնական ծրագիր: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Ծրագրի բարձր արդյունավետությունն ու շահառուների գոհունակությունն ապահովեցին համակարգի հետագա իրականացումը քրեակատարողական մյուս հիմնարկներում. 2020 թվականի մարտի 1-ից այն ներդրվեց «Աբովյան», «Գորիս», ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն», մայիսի 1-ից՝ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում:

Այսօր՝ հունիսի 1-ից, համակարգը ներդրվեց նաև «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում: Այսպիսով՝ «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սննդի ապահովման համակարգն արդեն գործում է Արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր 12 հիմնարկներում:

Սննդի մատակարարման այս համակարգը ոչ միայն ապահովում է ազատազրկված անձանց բարձրորակ սնունդով, որն իր մեջ ներառում է ճաշ, նախաճաշ և ընթրիք, այլև մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնում է սննդային հանձնուքների փոխանցումը, որն իր հերթին ենթադրում է նաև կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների հանդեպ յուրովի օժանդակություն՝ հատկապես այս օրերին փոքր-ինչ թեթևացնելով նրանց հոգսերը:

Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից առաջարկված սնունդը պատրաստվում է ամեն օր և բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից: Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ ապահովելու համար սննդի զանազանությունը, պահպանելով նաև սննդակարգի որակը, կալորիականությունը և այլ օգտակար հատկությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեակատարողական ծառայության հետ համատեղ իրականացրել և շարունակելու է իրագործել ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

կիսվել նյութով -