454 դիտում, 2020.06.01 17:57

Մենք պարտավորություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ. Արարատ Միրզոյան

Մենք պարտավորություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հիշեցնելով, որ պետությունն ու հասարակությունը պարտավորություններ ունեն երեխաների նկատմամբ: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավարություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։ Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական և առողջապահական երաշխիքներ»,- գրել է Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշել է, որ երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը։

«Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ և կպաշտպանեն նաև այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն։ Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը և ավելի բարին: Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը։ Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք»,- նշել է Արարատ Միրզոյանը:

կիսվել նյութով -