կարևոր
1154 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-01 14:14

Հանրապետությունում մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ տնկված կլինի

Հանրապետությունում մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ տնկված կլինի

Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների զգալի մասն արդեն կատարված է: Ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ներկայացնելով ծառատունկի մանրամասները, նշեց, որ 1 մլն 950 հազար ուռենու կտրոն ՀՀ-ի 7 մարզում արդեն տնկված է: Աշխատանքներում ներգրավված է մոտ 1 000 քաղաքացի:

«Աշխատանքներն իրականացվել են նախապես նշված 6 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Շիրակում, որոշ աշխատանքներ են իրականացվել նաև Կոտայքի բարձրադիր գոտիներում: Ինչո՞ւ են այս տարածքներն ընտրվել: Քանի որ տնկումների սեզոնի ավարտն էր, և այս առումով եղան քննադատություններ, բայց մենք հաշվի էինք առել այս հանգամանքը, դրա համար ընտրել ենք բարձրադիր գոտիները, որտեղ ծառերի վեգետացիա դեռ չէր սկսվել, որպեսզի ունենանք նորմալ արդյունք»,-ասաց նա:

Ծառատունկի աշխատանքներում հիմնականում ընդգրկված են տեղի համայնքների բնակիչները, սակայն Վարդան Մելիքյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ հեռավոր համայնքից իրենց ավտոմեքենայով եկել են մասնակցել ծառատնկմանը՝ վաստակելով գումար: Նախարարի տեղակալի խոսքով՝ բնակիչները հնարավորություն են ունեցել օրվա կտրվածքով մինչև 10 հազար դրամ վաստակել:  

«Մարդկանց ներգրավելու առումով, ընդհանուր առմամբ, խնդիր չենք ունեցել, մենք արդեն ունենք 1 000 ներգրավված աշխատակից, բայց կունենանք ավելին, որովհետև ծառերը տնկելուց հետո առջևում ցանկապատման աշխատանքներ են»,-ասաց նախարարի տեղակալը:

Մինչև հունիսի 5-ը ծրագրի ծառատնկման հատվածը կավարտվի, և 2 մլն կտրոնը տնկված կլինի, իսկ մինչև հուլիսի վերջը  կավարտվեն ցանկապատման աշխատանքները:

Հանրապետությունում ծառատունկն այս տարի այսքանով չի ավարտվում: Աշնանը նույնպես իրականացվելու է ծառատունկ, բյուջեով նախատեսված է 400 մլն դրամից ավելի գումար է հատկացվելու «Հայանտառ»-ին: Նախարարի տեղակալը նշեց, որ նախորդ տարի աշնանը ծառատունկին մասնակցեց մոտ 1 000 մարդ: Այս տարի նույնպես նույնքան մարդ է նախատեսվում ներգրավել: Աշնանը նախատեսված ծառատունկն իրականացվելու է անտառային հողերում, կտնկվեն կաղնի, հաճար, թեղի և այլն: Նախարարի տեղակալը նշեց, որ մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ տնկված կլինի:

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը: Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա վայրերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկում և ծառատունկի տարածքի ցանկապատում: