294 դիտում, 2020.06.01 13:33

Նախորդ տարում ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը չեն գտնվել նախնական կալանքի տակ

Նախորդ տարում ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը չեն գտնվել նախնական կալանքի տակ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: Դավթյանն այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս՝ անդրադառնալով նախնական կալանքի պրակտիկային:

«2019-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ են ներկայացվել մեղադրյալ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 870 միջնորդություն, որոնցից բավարարվել է 804-ը կամ 92.4 տոկոսը: Ներկայացված միջնորդություններից 26.2 տոկոսի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: 2019-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած առկա է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների թվի աճ»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝ պետք է փաստել, որ գործնականում վերջին 2-3 տարում ձեռնարկված քայլերը ակնհայտորեն վկայությունն են իրավական հանրահայտ այն սկզբունքի կենսագործման, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: «Ասվածի ապացույցն է նաև այն, որ 2019-ին ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը կամ 63.6 տոկոսը չեն գտնվել նախնական կալանքի տակ»,-ասաց Դավթյանը:

2019-ին արձանագրվել է 9 դեպք, երբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու դատական ակտի հիման վրա՝ մնալով ազատության մեջ, մեղադրյալը դրսևորել է ոչ պատշաճ  վարքագիծ, այն է՝ դիմել է փախուստի, կամ կատարել է նոր հանցանք:

կիսվել նյութով -