կարևոր
1508 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-01 13:12

Հանցագործությունների ընդհանուր դեպքերը նախորդ տարի ավելացել են, իսկ մարդու դեմ ուղղվածները՝ նվազել

Հանցագործությունների ընդհանուր դեպքերը նախորդ տարի ավելացել են, իսկ մարդու դեմ ուղղվածները՝ նվազել

Հայաստանում 2019 թվականին ընդհանուր հանցագործության դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 26 հազար 850-ի, սակայն նվազել են մարդու դեպ ուղղված հանցագործությունները:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս:

«2019 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 850 դեպք: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8 տոկոսով»,-ասաց Դավթյանն ու ներկայացրեց այդ պատկերի վրա ազդեցություն ունեցած մի քանի էական գործոններ:

Նրա խոսքով՝ բարձրացել է իրավապահ մարմինների հետ քաղաքացիների համագործակցության մակարդակը: Բարեփոխվել է հանցագործների հաշվառման գործընթացը, անհամեմատ նվազել է ոստիկանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան: «2008-2018 թթ. կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը տոկոսային արժեքով կազմել է 28.1 տոկոս, իսկ 2019-ին այն կազմել է 17.8 տոկոս: Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորվել է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով, ինչը, իհարկե, մտահոգիչ է: Վերջին 10 տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են գրեթե 3 անգամ»,-ասաց Դավթյանը:

Հանցագործության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը՝ 20 տոկոսից իջել է 16 տոկոսի: Նախորդ տարվա համեմատությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 671-ով կամ 13.5 տոկոսով: Սակայն 12-ով կամ 34 տոկոսով աճ է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018-ին արձանագրվել է 35, իսկ 2019-ին՝ 47: 2018-ին արձանագրվել էր սպանության դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ: 2019-ին արձնագրված 47 դեպքերից 5-ը կատարված են եղել նախորդող տարիներին: «100 հազար բնակչին բաժին է ընկնում սպանության 1.6 դեպք, ինչը վերջին 10 տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է 0. 4 տոկոսով: 2019-ին հանցագործությունների վիճակարգությունը փաստում է, որ 100 հազար բնակչին բաժին է  հասնում 906 դեպք: Այս ցուցանիշով մեր երկիրը դրականորեն տարբերվում է ԱՊՀ երկրներից»,-ասաց Դավթյանը: