186 դիտում, 2020.06.01 10:48

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: 

«Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 111 «կողմ» ձայն:

Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5­-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որ զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:

կիսվել նյութով -