կարևոր
4327 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-31 17:28

Այսօր, նա արդեն, դաշնամուրը նվագում է պառկած վիճակում․ համացանցում հայտնի դարձած դաշնակահարի անկեղծ զրույցը

Կորոնավիրուսն ու ինքնամեկուսացումը շատ ստեղծագործողների ստիպեց նոր տարբերակներ գտնել սեփական տաղանդն ու արվեստը հանդիսատեսին հասցնելու համար։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի ամենաբարձր բեմերում ելույթ ունեցող արտիստները, սկսեցին համերգներ կազմակերպել հենց իրենց տներից։ Մեր երկիրն այս առումով ևս բացառություն չէ։ 

Համացանցում յուրաքանչյուր արվեստագետ արտահայտվում է յուրովի, իր տաղանդը ներկայացնելով հանրությանը ուղիղ եթերների միջոցով։ Տիգրան Սարգսյանը մեկն է այն երաժիշտներից , ով մեկուսացման առաջին իսկ օրվանից գործի անցավ, և դասական ստեղծագործություններն ինտերնետ տիրույթում ներկայացրեց յուրովի մոտեցմամբ։ Yerkirmedia.am-ը զրուցել է նրա հետ։   

Տիգրանը սկսել է նվագել 5 տարկանից, երբ ծնողները նրան տարան երաժշտական ստուդիա, որպեսզի բավարարի իր դաշնամուր սովորելու  ցանկությունը։ Մեկ տարի անց նա տեղափոխվեց արդեն Միրզոյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ և լրջապես և ավելի գիտակից սկսեց  զբաղվել երաժշտությամբ։ 

«Այդպես սկսվեց իմ երաժշտական կյանքը: Երաժշտական դպրոցն ավարտեցի գերազանց և առաջին մենահամերգով հանդես եկա Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում»,- անցյալն այսպես է վերհիշում նա։ 

Ուսումը շարունակելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետագայում նաև Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում,  հանդես է եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթներում` զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։

«Կառանձնացնեմ Մոսկվայում կայացած «Хрустальный камертон» երիտասարդ ստեղծագործողների միջազգային  մրցույթը, որտեղ ներկայացված ստեղծագործությունն արժանացավ 1 -ին պատվավոր մրցանակին և ինձ հրավիրեցին Մոսկվա մասնակցելու Գալա համերգին և մրցանակաբաշխությանը: Այդ մրցույթն էր, որ հիմք դրեց իմ հետագա հաջողություններին»,- պատմում է երաժիշտն ու մեկ առ մեկ վերհիշում  ձեռքբերումները։ Անկեղծանում է․ «դրանք շատ են, դժվար է թվարկել», բայց և առանձնացնում է իր համար  ամենակարեւորը.

«Այսօր, ինչ բարձրունքում որ գտնվում եմ, ծնողներիս  հետևողականության, դաստիարակության, ոգևորության, գնահատանքի շնորհիվ է, ինչպես նաև իմ հրաշալի ուսուցիչների` Ջ. Պետրոսյանի, Դ. Սաքոյանի, Ա. Մոկացյանի, Լ. Չաուշյանի անգնահատելի մեծ ներդրումների արդյունքն է։ Ինձ կայացած երաժիշտ և մարդ եմ  համարում հենց իրենց ճիշտ մոտեցման, կրթելու շնորհիվ»։

Տիգրանն այսօր համերգներից ու ելույթներից զատ նաև դասավանդում է։ Հպարտանում է իր աշխատանքով․

«Այսօր ես զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով. դասավանդում եմ Ա.Տերտերյանի արվեստի դպրոցում և որպես կոնցերտմայստեր աշխատում եմ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում: Աշխատանքիս զուգահեռ փորձում եմ հասցնել նաեւ համերգային գործունեություն ծավալել, որպես թե մենակատար և թե անսամբլի արտիստ»։

Դժվարություններից արվեստագետը չի խոսում, չի սիրում դրանք ներկայացնել հանրությանը․ 

«Իհարկե դժվար է, երբ արդեն ունես ընտանիք` ինչը ամենաթանկն ու կարեւորն է կյանքում, իր բոլոր կենցաղային և մնացած այլ հոգսերով ու խնդիրներով, բայց կարծում եմ, երբ սիրով եւ նվիրումով ես գործդ կատարում, ամեն բան հնարավոր է լինում կարգավորել  և ամեն ինչ իր տեղն է ընկնում»:

Մեր հարցին, թե որո՞նք են եղել կյանքում քո ձեռքբերումները Տիգրանը պատասխանում է․

«Կյանքումս մեծ ձեռքբերումներից սիրով ու մեծ պատասխանատվությամբ ուզում եմ նշել կողքիս գտնվող իմ բոլոր լավ ու բարի ընկերներիս, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ինձ ոգեկոչելու, աջակցելու բոլոր հարցերում, ես հարուստ ու հպարտ եմ իրենցով, շնորհակալ եմ որ իմ կյանքում իրենք կան: Ես իրենցից շատ բան ունեմ սովորելու» :



Ի դեպ Տիգրանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում։ Դրանացից մեկում փորձել է զարմացնել իր հետևորդներին, նվագելով ոչ թե «դասական» ձևով, այլ չտեսնելով դաշնամուրի ստեղնաշարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում