464 դիտում, 2020.05.31 14:40

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն:ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ օրվա շրջանակում ԱՀԿ-ն հանդես է եկել «Ծխախոտի օգտագործումը և COVID-19-ը»  խորագրով հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Ամեն տարի ծխախոտն աշխարհում սպանում է ավելի քան 8 միլիոն մարդու։ Այս դեպքերից 7 միլիոնի պատճառը ծխախոտի ուղղակի օգտագործումն է, իսկ 1,2 միլիոնինը՝ երկրորդային ծխի ազդեցությունը։

ԱՀԿ-ի հանրային առողջապահության ոլորտի հրավիրյալ փորձագետների կողմից 2020 թվականի ապրիլի 29-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողների մոտ։ 

   COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որն առաջին հերթին ազդում է թոքերի վրա։ Իսկ ծխելը վատթարացնում է թոքերի ֆունկցիան՝ դժվարացնելով օրգանիզմի պայքարը կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ։ Ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է ոչ միայն շնչառական վարակիչ հիվանդությունների, այլև ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են՝ սրտանոթային, շնչառական հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և այլն:

 ԱՀԿ-ն մշտապես գնահատում է նոր հետազոտությունների արդյունքները, որոնցում ուսումնասիրվում է կապը ծխախոտի, նիկոտինի օգտագործման և COVID-19-ի միջև և կոչ է անում զերծ մնալ չապացուցված հայտարարություններ անելուց այն մասին, որ ծխախոտը և նիկոտինը կարող են նվազեցնել COVID-19-ի զարգացման ռիսկը։ Առայժմ բավարար տվյալներ չկան, ինչը կհաստատի որևէ կապ ծխախոտի, նիկոտինի և COVID-19-ի կանխարգելման և բուժման միջև։

Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անհապաղ քայլեր ձեռնարկել ծխելը թողնելու համար՝ օգտագործելով ստուգված մեթոդներ, ինչպիսիք են՝ ծխելը թողնելու անվճար միջոցները, տեքստային հաղորդագրությունների բջջային հավելվածները և նիկոտինային փոխարինող թերապիաները»։

կիսվել նյութով -