Մինեապոլիս քաղաքում, ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով, սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահը զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել, որի հետևանքով ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել: Անկարգություններից ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Լոս Անջելեսն է: Քաղաքում անկարգությունների ընթացքում թալանվել են խանութներ, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, 100-ավոր ձերբակալվածներ կան։
Նյու Յորքում ոստիկանական մեքենան մխրճվել է ցուցարարների շարքի մեջ` նրանց ցրելու նպատակով: Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը նույնպես պարետային ժամ է հայտարարել քաղաքում: Ատլանտայում պարետային ժամ հայտարարելուց հետո ցուցարարները մնացել են փողոցներում, վնասելով տրանսպորտային միջոցներն ու մասնավոր սեփականությունը: Կան տասնյակ ձերբակալվածներ։
Նման անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդիանապոլիսում, Ֆիլադելֆիայում, Պորտլանդում, Սան Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է 10 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չեն դադարում բողոքի ակցիաները: