Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի կողմից ստացիոնար բուժման պայմաններում հսկողության տակ է կորոնավիրուսով վարակված 50 մարդ: Նրանց թվում ծանր վիճակում գտնվող պացիենտներ կան:
Այս մասին մայիսի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:
«Վերջին շրջանում բնակչության մոտ նկատվում է վարակի ծանր դեպքերի աճ: Երբեմն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա: Եթե մի ժամանակ ընտանիքի անդամներից մեկի կամ երկուսի մոտ էր հաստատվում վարակը, ապա այժմ մեզ դիմում է վարակի ախտանիշներով վեց անձ, և վեցի մոտ էլ կորոնավիրուսը հաստատվում է»,-նշեց Դուրգարյանը և հորդորեց հասարակությանը հետևել պարետի սահմանած անվտագության բոլոր միջոցառումներին, մտածել ոչ միայն սեփական անձի, այլև հարազատների մասին:
Անդրադառնալով պոլիկլինիկայի աշխատանքին՝ տնօրենն ասաց, որ դեռևս մարտ ամսից զբաղվում են կորոնավիրուսով վարակված հիվանդների հայտնաբերման և հսկման գործընթացով, բայց այժմ իրենց դերը մի փոքր փոխվել է:
«Մեր հիմնական գործառույթը եղել է ջերմող և վերին շնչառական ախտանիշներով հիվանդների մոտ վարակի ախտանիշների հայտնաբերումը, վիճակի գնահատումը և նմուշառումներ իրականացնելը: Քանի որ վարակի դեպքերն աճեցին, ապրիլի 20-ից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվեցին շրջիկ բրիգադներ, որոնք նմուշառումները կատարում են տնային պայմաններում: Պատասխանը ստանալուց հետո մենք ևս մեկ անգամ կատարում ենք հիվանդի վիճակի գնահատում, և, ըստ նախախարի հրամանի, վարակի թեթև դեպքերը հսկում են մեր պոլիկլինիկայի տեղամասային թերապևտները կամ մանկաբույժները»,-պատմեց Ռուզաննա Դուրգարյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոց են տեղափոխվում այն վարակակիրները, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, 60 տարեկանից բարձր են, հիվանդ են նաև թոքաբորբով:
Դուրգարյանն ընդգծեց, որ իրենց գործառույթներից է նաև այն հիվանդների վարումը, որոնք նմուշառման պատասխանը ստանալու փուլում են: «Ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի՝ այն բոլոր դեպքերում, երբ գրանցում ենք հիվանդի վիճակի վատացում, նրան ուղեգրում ենք համապատասխան բազմապրոֆիլ հիվանդանոց, իսկ թեթև դեպքերը հսկում է տեղամասային թերապևտը, որը հեռախոսազանգերի միջոցով անմիջական կապ է պահպանում հիվանդների հետ, անհրաժեշտության դեպքում այցելում նրանց: Եթե հիվանդի վիճակը վատթարանում է, քննարկվում է նրա՝ ստացիոնար բուժման հարցը»,-եզրափակեց Ռուզաննա Դուրգարյանը:
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 57 081թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 դեպք: