Հայաստանում առաջիկայում կսկսվի կորոնավիրուսի հայտնաբերման համար նախատեսված թեստերի արտադրությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումները և դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար։ Գերատեսչությունը մի քանի օրվա ընթացքում այս գործընթացն ավարտին կհասցնի, ինչից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է ընդհանուր առմամբ 100 հազար թեստի արտադրություն, օրական՝ 1000-2000 թեստ»,- նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով վերջին օրերին քիչ թեստավորումների մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դրանք իրականացվում են ըստ ցուցումների։ Նա շեշտեց, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին։