570 դիտում, 2020.05.29 21:45

Հաշտեցում՝ սեփական կյանքի գնով

Հաշտեցում՝ սեփական կյանքի գնով

Մայիսի 27-ը ողբերգական ավարտ ունեցավ վահրամաբերդցի Մանուկյանների ընտանիքի համար: Նշված օրը երեկոյան Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մարմաշեն բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վահրամաբերդ բնակավայրի բնակիչ 21 ամյա Զարզանդ Մանուկյանը: Ինչպես տեղեկացրել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Խաչատրյանը, հիվանդանոց ընդունելիս, երիտասարդի մոտ արդեն կլինիկական մահ է գրանցված եղել: 

ՑԱՅԳ Հ/Ը-ան «Այսօր» լրատվականը դեպքի հետ կապված մանրամասները պարզելու համար զրուցել է մահացած երիտասարդի ավագ քրոջ՝ Հեղինե Մանուկյանի հետ։ Ըստ վերջինիս հաղորդած տվյալների՝ նույն օրը՝ ժամը 19:00-ից 19:30 ընկած ժամանակահատվածում, Զարզանդը, որը մյուս քրոջ մանկահասակ որդու հետ գնացել էր Մարմաշենի վանք, վերադարձել է ու հենց տան բակում իրեն տեղեկացրել, որ շտապ գործ ունի, դուրս է գալու՝ հավելելով, որ կարճ կտեւի ու շուտ կվերադառնա։

Ժամը 21:00-ից հետո գյուղում արդեն մթնոլորտը լարված է եղել։ Ըստ մահացած երիտասարդի քրոջ, մտածել են, որ գյուղում ինչ որ բան է կատարվել:Ավելի ուշ ընտանիքի ազգականն իրենց տեղեկացրել է, որ Զարզանդ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց։ Հարազատները շտապել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ իմացել են Զարզանդի մահվան լուրը։ Ըստ ոստիկանների ու քննիչների պարզած նախնական տեղեկությունների, դեպքի օրը Վահրամաբերդ և Մարմաշեն բնակավայրերի երիտասարդները ֆուտբոլ են խաղացել Մարմաշենի խաղադաշտում, որի ժամանակ վեճ է սկսվել:

Ըստ Հեղինե Մանուկյանի , մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, Զարզանդը երիտասարդների հետ ֆուտբոլ չի խաղացել: Իրենց ընտանիքում սուգ էր, քանի որ Ղազաղստանում մահացել էր ընտանիքի փեսան և իրենք սպասում էին դին Հայաստան տեղափոխելուն։ Զարզանդի մանկության ընկերը՝ Գեւորգը, Զարզանդին տեղեկացրել է երկու համայնքների երիտասարդների միջեւ ծագած վիճաբանության մասին ու օգնության կանչել։ Զարզանդը ընկերներից մեկի՝ Արմանի հետ, շտապել է դեպքի վայր։

Ըստ մահացածի քրոջ հայտնած տվյալների՝ Զարզանդը՝ որևէ կապ չունենալով տեղի ունեցած կռվի հետ, դարձել է վիճաբանության մասնակիցը, սակայն փորձել է խնդրին լուծում տալ առանց բռունցքների միջամտության, ցանկացել է առանձնազրույց ունենալ 17 ամյա երիտասարդի՝ մարմաշենցի Հովհաննեսի հետ։ Հենց նրա հետ առանձնանալու պահին էլ, ինչպես ենթադրում է քույրը, տղան ենթարկվում է խմբակային հարձակման, որի ժամանակ էլ Հովհաննես Խ-ն թիկունքից հարվածել է Զարզանդին։ Մարմնական վնասվածքներ ունեցել են նաեւ Զարզանդի ընկերները. դեպքի օրը ինքը նրանց տեսել է «Գյումրի» ԲԿ-ում:

Մայիսի 27-ին նախաքննությունը վարող քննիչի որոշմամբ նշանակվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժիշկը դիակի արտաքին զննությամբ հայտնաբերել է ձախ արմնկային շրջանում հարվածի հետքեր։

«Այսօր» լրատվականի հետ զրույցում Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը նշել է՝ Հովհաննես Խ․-ն ձերբակալված է, ընթանում է քննություն՝ սպանության հատկանիշներով։

Մանուկյանների ընտանիքն էլ սպասում է քննության արդար ելքին։ Զարզանդ Մանուկյանին ճանաչողները փաստում են, որ վերջինս կռվարար չէր, հակառակը՝ խաղաղասեր էր ու բարի: Նա ուսանող էր եւ սովորում էր ՇՊՀ ռազմական ֆակուլտետում:

կիսվել նյութով -