ՀՀ ղեկավարությունը միանշանակ վստահ է, որ առաջարկված կանոնների ճշգրիտ և որակյալ պահպանումը ոչ միայն կբերի կորոնավիրուսի ընդհանուր թվի նվազեցման, այլև կօգնի ընդհանուր առմամբ հաղթահարել համաճարակը: Պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մի քանի անգամ բազմակողմանի քննարկել ենք այն կանոնները, որ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին: Եվ մենք վստահ ենք՝ միանշանակ և աներկբա, 100 տոկոսով, որ այս կանոնների ճշգրիտ և որակյալ պահպանումը ոչ միայն կբերի ընդհանուր թվի նվազեցման, այլև մեզ կօգնի ընդհանուր առմամբ հաղթահարել համաճարակը: Համաճարակի հաղթահարման գործընթացը պայմանավորված է մեր կողմից առաջարկված կանոնների պահպանմամբ և դրանց որակով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նկատեց, որ հատկապես վերջին օրերին շատ է տարածվում միջազգային մամուլում մարտի 31-ից տեղ գտած տեղեկատվությունը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ժամանակ հորդորել է դիմակ կրել հիվանդներին և հիվանդ խնամողներին:
«Դա եղել է մարտի 31-ին, դա եղել է մի պայմաններում, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար: Եվ ընդհանուր առմամբ սա նաև ցույց է տալիս, որ քանի որ սա նոր տեսակի կորոնավիրուս է, նոր համաճարակ է, ամբողջ աշխարհում եղել է և ինչ-որ առումով կարող է լինել շփոթ՝ միջոցների արդյունավետության գնահատման վերաբերյալ: Եվ սա այն պարագան է, երբ ողջ մարդկությունը, մենք բոլորս իրար հետ սովորում ենք համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները: Եվ այս շփոթը, որ գուցե ՀՀ քաղաքացիները նկատել են մեր երկրում, առկա է նաև ամբողջ աշխարհում և նախկինից դուրս բերված հաղորդագրությունները նույնպես վկայում են այդ մասին»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը մեկ անգամ ևս շեշտեց՝ համոզված են, որ առաջարկած կանոնները պահպանելու դեպքում կորոնավիրուսի համաճարակի տեմպերը ոչ միայն կնվազեն, այլև կձգտեն զրոյի: