506 դիտում, 2020.05.29 18:55

Եղել են թաղման, հոգեհանգստի դեպքեր, երբ մեկ ասիմպտոմ վարակակիրը մի ամբողջ գյուղ վարակել է. Արտավազդ Վանյան

Եղել են թաղման, հոգեհանգստի դեպքեր, երբ մեկ ասիմպտոմ վարակակիրը մի ամբողջ գյուղ վարակել է. Արտավազդ Վանյան

Համաճարակային առումով Հայաստանում լարված իրավիճակ է: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, պարետատան նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ նշեց, որ ի սկզբանե իրականացված հակահամաճարակային միջոցառումների շրջանակում նպատակ են դրել հայտնաբերել բոլոր վարակվածներին, անգամ նրանց, ովքեր չեն ունեցել ախտանշաններ: Կիրառվել են սահմանափակումներ՝ նվազեցնելով շփումները:

«Հասկանալի է, որ դա հնարավոր չէ երկար պահել: Այսօր մենք ևս խնդիր ենք դրել վաղ հայտնաբերել ու մեկուսացնել հիվանդներին, կոնտակտավորներին: Հաջորդ կարևոր գործընթացը կապված է տնտեսավարողների հետ: Պետք է հասկանան, որ վարակի արագ տարածման հավանակությունը մեծ է, հետևաբար կոչ ենք անում պարետատան կողմից սահմանված կանոններն անպայման պահպանել: Դա պետք է լինի մշակույթ, որովհետև դեռ երկար ենք ապրելու կորոնավիրուսի հետ»,-ասաց Արտավազդ Վանյանը: 

Հաջորդ կարևոր քայլը կապված է բնակչության հետ: Այդ առնչութամբ մասնագետը հորդորում է կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորոթյունը և ձեռքերի հիգիենան: Նա վստահեցրեց, որ այդ պարագայում նվազեցվում են վարակման ռիսկերը: 

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ խնջույքները, ծննդյան առիթները, սգո արարողությունները եղել են բռնկումների օջախներ: Հուղարկավորությանը մասնակցելով՝ մի ամբողջ գյուղ վարակվել է, որովհետև այնտեղ եղել է մեկ հիվանդ, ով անախտանիշ վիճակում է գտնվել: Ես հորդորում եմ, որ յուրաքանչյուր անձ պահպանի անվտանգության կանոնները: Մյուս դեպքին անդրադառնամ: Մանկապարտեզի աշխատողը վարակվել էր, նա մասնակցել էր ընդամենը  7 հոգանոց ծննդյան արարողության: Այնտեղ գտնված վեց անձի մոտ վարակ է հաստատվել: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է: Պահպանելով այն ուղերձները, որոնք մենք ենք ուղղում ենք, հնարավոր կլինի կանխել տարածումը: Հարգելի բնակիչներ, Հայաստանը պատմության ընթացքում շատ է առնչվել վարակների, համաճարկների, այսօր ևս ունենք մարտահրավեր: Մենք միասին սա նույնպես կարող ենք հաղթահարել»,-հավելեց Արտավազդ Վանյանը:

կիսվել նյութով -