606 դիտում, 2020.05.29 18:31

Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկները վարակվել են. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկները վարակվել են. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

«Աստղիկ» բժշկական կենտրոնի` կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները հիվանդանոցում բուժվող քաղաքացիների հետ շփում չեն ունեցել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:

Նրա խոսքերով` վարակված բժիշկներն աշխատել են հատուկ առանձնացված մեկուսարանում ու հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել:

«Covid-19-ով հիվանդները «Աստղիկ» ԲԿ-ում չեն բուժվում: Ավելին՝ բոլոր հիվանդներին մինչև հիվանդանոց ընդունելը անվճար PCR թեստ են անում՝ նրանց հետագա սպասարկման անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պետրոսյանը:

Թեստավորումը, նրա խոսքերով, իրականացվում է հիվանդանոցի հարևանությամբ կազմակերպված մեկուսարանում: Այդտեղից հիվանդանոց են ընդունվում միայն բացասական պատասխանով հիվանդները: Դրական պատասխանի դեպքում տեղափոխվում են կորոնավիրուսի բուժման համար առանձնացված այլ հիվանդանոցներ:

կիսվել նյութով -