566 դիտում, 2020.05.27 21:07

ԿԳՄՍ նախարարը դպրոցներին կոչ է անում զերծ մնալ ավարտական միջոցառումների կազմակերպումից

ԿԳՄՍ նախարարը դպրոցներին կոչ է անում զերծ մնալ ավարտական միջոցառումների կազմակերպումից

 Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության մայիսի 27-ի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը: Վարչապետը նշել է, որ ուսումնական հաստատության և համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարման համար այս հանգամանքին կտրվի առանձնակի կարևորություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության ունեցած տեղեկություններով՝ առաջիկա հանգստյան 4 օրերին որոշ դպրոցներում կազմակերպվելու են դասարանների հավաքներ, որը վտանգավոր է համավարակի տարածման այս փուլում: Ուստի, ինչպես նշել է նախարարը, տնօրենները պետք է ջանքեր գործադրեն նման միջոցառումներ թույլ չտալու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով` ուսումնական հաստատությունները նախապես զգուշացվել են ավարտական միջոցառումներ չկազմակերպելու, առողջապահության նախարարության բոլոր ցուցումները և պարետատան սահմանած կանոնները պահելու մասին. «Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան ավարտական միջոցառումների կազմակերպումից: Հասկանում ենք, որ «Վերջին զանգը» մեր շրջանավարտների կյանքում բացառիկ իրադարձություն է: Մենք խոստացել ենք, համավարակի հաղթահարումից հետո օր նշանակել ու շրջանավարտների հետ միասին «Վերջին զանգը» նշել»,- ընդգծել է նախարարը:

Արայիկ Հարությունյանն առաջարկել է ոստիկանությանն առաջիկա հանգստյան օրերին խստացված հսկողություն իրականացնել կուտակումներ ենթադրող միջոցառումների ուղղությամբ: Նա իրավապահների ուշադրությունն է հրավիրել նաև դեպի սրբավայրեր ուխտագնացութունների և նմանատիպ այլ միջոցառումների վրա: Մասնավորապես, անցյալ շաբաթ մեծ կուտակումներ են եղել Սպիտակի Սբ Հովհաննես մատուռի մոտ, որին անդրադարձել են նաև սոցիալական ցանցերի օգտատերերն ու ԶԼՄ-ները: Նման երևույթների կրկնությունը, ըստ նախարարի անթույլատրելի է: Ի պատասխան` ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը նշել է, որ առաջիկա օրերին պարետատան կանոնների պահպանության ուղղությամբ կսահմանվի խստացված հսկողություն:

կիսվել նյութով -