486 դիտում, 2020.05.27 20:12

1991թ-ից սկսած տեղի ունեցած իրավախախտումներն ուսումնասիրելու համար կստեղծվի փաստահավաք խումբ

1991թ-ից սկսած տեղի ունեցած իրավախախտումներն ուսումնասիրելու համար կստեղծվի փաստահավաք խումբ

 Հայաստանում նախատեսվում է ստեղծել փաստահավաք խումբ, որը կզբաղվի, օրինակ, 1991 թվականից սկսած տեղի ունեցած ընտրությունների, հանրաքվեների կեղծումների և այլ իրադարձությունների մասին փաստերի հավաքագրմամբ, սեփականությունից ապօրինի զրկման դեպքերի մասով փաստահավաք առաքելությամբ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Փաստահավաք խմբի ստեղծումը անցումային արդարադատության, այսինքն՝ դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված մեր ուղղություններից մեկի հերթական իրագործումն է: Օրենքի նախագիծը նոր է դրվել հանրային քննարկման: Հիմնական էությունն այն է, որ առանձին մարմին է ձևավորվելու, որն ունենալու առանձին ֆինանսավորում պետական բյուջեի մասին օրենքով: Դրա ֆունկցիան է լինելու մի քանի ուղղություններով փաստահավաք առաքելության իրականացումը: Դա ՀՀ-ում 1991 թվականից սկսած տեղի ունեցած ընտրությունների կեղծումների, հանրաքվեների կեղծումների և այլ իրադարձությունների մասին փաստերի հավաքագրումն է, դրա հիման վրա եզրահանգումների իրականացումը, հետագա քայլերի իրականացումը, օրինակ ինչպես ռեֆորմներ իրականացնել, ինչ վերահսկողական գործիքներ ներդնել՝ ապագայում նման բացասական երևույթները բացառելու համար: Հաջորդ ուղղությունը սեփականությունից ապօրինի զրկման դեպքերի մասով փաստահավաք առաքելություն անելն է, և դրա հիման վրա որոշելը տուժողների, տուժողների իրավահաջորդների շրջանակը և պետության կողմից այդ մասով գործողությունները»,-ասաց նախարարն ու նշեց՝ դա կարող է լինել ֆինանսական փոխհատուցումների տեսքով

Օրենքի նախագծով թվարկված են այն բոլոր մյուս ոլորտները, որտեղ փաստահավաք առաքելություն է լինելու: Փաստահավաք առաքելություն է լինելու նաև զինված ուժերում մահվան դեպքերի կապակցությամբ  և այլն:

կիսվել նյութով -