598 դիտում, 2020.05.27 19:16

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ իբր մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողներին հորդորում է առաջին հերթին հետաքրքրվել հարուցված քրեական գործերով: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հորդորով անդրադառնալով Վատիկայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին, թե երկրից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են գնում:

 Պատգամավորը խնդրեց ջաջախել այդ մտահոգությունները:

Փաշինյանն արձագանքեց՝ կարծում է, որ Հայաստանի՝ որպես մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողներn առաջին հերթին պետք է հետաքրքրվեն այն քրեական գործով, որը հարուցված է ՊԵԿ-ում՝ Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված: «Ըստ իմ ունեցած տեղեկությունների, առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, Ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ՝ գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ, ինչ ասես՝ սելիտրայի անվան ներքո: Եվ դրա արդյունքում ՀՀ-ին  պատճառվել է մոտ 20 մլրդ դրամի վնաս»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ-ից ծխախոտի արտահանման տիրույթին՝ վարչապետը նշեց, որ առնվազն վերջին 5 տարում այդ համակարգում ոչ մի բան չի փոխվել: Եվ եթե այդտեղ կա խնդիր, ուրեմն այդ խնդրի պատասխանը պետք է առաջին հերթին պահանջել Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից:

«Ասենք՝ դուք գիտեք, որ Կրասնոդար երկրամասում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ, որը արտահանվել է Հայատանից, եթե հիմա հետ պտտենք իրադարձությունը և քննենք Հայաստանի հարկային մարմինների գործողությունները, այդ գործողությունների մեջ ոչ մի բան չի կարող փոխվել, քանի որ որևէ բան փոխվելը կլինի ապօրինի, որովհետև մարդը գալիս է ասում է՝ ես ծխախոտ եմ արտահանում ՀՀ-ից, օրինակ, Աֆղանստան և թռնում եմ Ռուսաստանով դեպի Աֆղանստան: Եվ այդ մարդը թռնում է, օրինական ձևակերպում է ապրանքը: Եթե այսօր էլ լինի այդ նույն բեռը, նույն կերպ ձևակերպելու է, թռնելու է: Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում, օրինակ, վերալիցքավորման պատճառաբանությամբ, բայց ծխախոտի մի մասը փորձ է արվում լրիվ բեռնաթափել այնտեղ, Հայաստանի իշխանությունը դրա հետ որևէ կապ չունի»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց՝ հիմա շատ մարդիկ հարցնում են, թե կոռուպցիոներները ինչու չեն «սսկվում»: «Ես կարծում եմ, որ նրանք վերջին օրերի իրադարձությունների արդյունքում կսսկվեն: Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս պրծնել չեն կարողանալու»,-ասաց վարչապետը:

կիսվել նյութով -