442 դիտում, 2020.05.27 18:32

Բանկը դեղատան նման պետք է աշխատի. փոխվարչապետը՝ ոչ վարկունակ անձանց վարկ չտրամադրելու մասին

Բանկը դեղատան նման պետք է աշխատի. փոխվարչապետը՝ ոչ վարկունակ անձանց վարկ չտրամադրելու մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատում է, որ բանկերի կողմից վարկերի տրամադրման հարցում կա զգուշավորություն, որովհետև կա նաև կարծիք, որ չի կարելի ֆինանսական գրագիտության բացակայությունից օգտվել և տալ վարկ անձին, որը վարկունակ չէ: Փոխվարչապետը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին:

Պատգամավորը բարձրաձայնեց խնդրի մասին՝ Շիրակի մարզից քաղաքացին, ունենալով լավ վարկային պատմություն, դասընթացի արդյունքում ունենալով սերտիֆիկատ, դիմել է ընդամենը 3 մլն դրամի համար, որ խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերի, սակայն բանկը հաստատել է ընդամենը 1 մլն դրամ:

Գրիգորյանը նշեց, որ հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն այն միջոցառումն է, որում գրեթե անսահամանափակ ռեսուրսներ են հատկացրել, ինչքան եղել է պահանջարկ, այդքան ռեսուրս տրամադրել են: «Այսպիսով, ցանկացած վարկունակ գյուղացի և գյուղացիական տնտեսություն կարող է ստանալ ըստ էության բացարձակ արտոնյալ պայմաններով վարկ: Մարդը չի կարողանում վարկ ստանալ այն դեպքում, երբ անբարվոք վարկային պատմություն ունի, ապահովման միջոցը բացակայում է կամ բավարար չէ»,-ասաց փոխվարչապետն ու նկատեց՝ այդ դեպքում գյուղացիները կարող են կոոպերատիվներ ստեղծել, այլ լուծում չկա:

Անցյալ տարվա համեմատ նույն ժամանակահատվածի համադրությամբ գյուղոլորտի վարկային պորտֆելը 14 տոկոսով աճում է: Գրիգորյանը նկատեց, որ հաճախ լինում է դժգոհություն, թե վարկը հասանելի չէ, սակայն դա օբյեկտիվ է: «Կա զգուշավորություն, որովհետև կա նաև կարծիք, որ չի կարելի ֆինանսական գրագիտության բացակայությունից օգտվել և տալ վարկ անձին, որը վարկունակ չէ: Սա էլ է խնդիր: Այդ իմաստով բանկը դեղատան նման պետք է աշխատի: Տալով ավել վարկ, քան կարելի է ֆիզիկական անձին, շատ ավելի լուրջ խնդիր է, քան վարկի տրամադրումը մերժելը»,-ասաց փոխվարչապետը:

կիսվել նյութով -