540 դիտում, 2020.05.27 18:16

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրքերը կառանձնացվեն հիմնական ֆոնդից, կլինեն հասանելի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրքերը կառանձնացվեն հիմնական ֆոնդից, կլինեն հասանելի

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում գրանցված գրքերը նախատեսվում է հիմնական ֆոնդից հանել և ընդգրկել նոր ձևավորվող գրադարանում. Այսպիսով՝ գրքերը հասանելի կդառնան հետազոտողներին: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին:

Կոստանյանը նշեց, որ ըստ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նոր տնօրենի՝ հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխությունների առաջարկի՝ հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը  պետք է համապատասխան ընթացակարգով հիմնական ֆոնդից հանվեն և ընգրկվեն նոր ձևավորվող գրադարանում:  Նա նկատեց, որ հնարավորություն է տրվելու ֆոնդային նյութերը դուրս բերել թանգարանի սենյակներից: Պատգամավորը հետաքրքրեց, թե արդյոք մասնագիտական հանձնաժողով ձևավորվել է այդ կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար և որքանո՞վ են քայլերը նպատակային:

Նախարարը վստահեցրեց, որ այդ  գործընթացում կորուստների որևէ վտանգ չկա: «Տարիներ առաջ ամբողջ ֆոնդը, այդ թվում նաև գրանդարանի նմուշները մտցվել են որպես ֆոնդային նմուշներ: Եվ ըստ էության դրանցից անհնար էր օգտվել: Եվ հիմա նաև մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որը ձևավորել էր ինստիտուտի տնօրենը, որոշում է կայացվել ձևավորել գրադարան, որը հասանելի կլինի բոլորին: Եվ այդ գրադարանից կարող են օգտվել բոլոր այն հետազոտողները, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրություններ իրականացնել կոնկրետ ոլորտում»,-ասաց Հարությունյանը:

Հիմա ֆոնդի ուսումնասիրություն է ընթանում, և պարզվել է, որ նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են կամ այս պահին հայտնաբերված չեն: Հունիսին եզրակացությունը կտրամադրեն: Նախարարը վստահեցրեց, որ լիարժեք կապահովեն անվտանգությունը: Նա նաև նկատեց, որ հարցը որոշակի շրջանակների համար քաղաքական շահարկման հարց է դարձել, հորդորեց հարցի մեջ չմտնել և չշահարկել:

կիսվել նյութով -