30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում գրանցված գրքերը նախատեսվում է հիմնական ֆոնդից հանել և ընդգրկել նոր ձևավորվող գրադարանում. Այսպիսով՝ գրքերը հասանելի կդառնան հետազոտողներին: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին:
Կոստանյանը նշեց, որ ըստ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նոր տնօրենի՝ հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխությունների առաջարկի՝ հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը պետք է համապատասխան ընթացակարգով հիմնական ֆոնդից հանվեն և ընգրկվեն նոր ձևավորվող գրադարանում: Նա նկատեց, որ հնարավորություն է տրվելու ֆոնդային նյութերը դուրս բերել թանգարանի սենյակներից: Պատգամավորը հետաքրքրեց, թե արդյոք մասնագիտական հանձնաժողով ձևավորվել է այդ կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար և որքանո՞վ են քայլերը նպատակային:
Նախարարը վստահեցրեց, որ այդ գործընթացում կորուստների որևէ վտանգ չկա: «Տարիներ առաջ ամբողջ ֆոնդը, այդ թվում նաև գրանդարանի նմուշները մտցվել են որպես ֆոնդային նմուշներ: Եվ ըստ էության դրանցից անհնար էր օգտվել: Եվ հիմա նաև մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որը ձևավորել էր ինստիտուտի տնօրենը, որոշում է կայացվել ձևավորել գրադարան, որը հասանելի կլինի բոլորին: Եվ այդ գրադարանից կարող են օգտվել բոլոր այն հետազոտողները, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրություններ իրականացնել կոնկրետ ոլորտում»,-ասաց Հարությունյանը:
Հիմա ֆոնդի ուսումնասիրություն է ընթանում, և պարզվել է, որ նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են կամ այս պահին հայտնաբերված չեն: Հունիսին եզրակացությունը կտրամադրեն: Նախարարը վստահեցրեց, որ լիարժեք կապահովեն անվտանգությունը: Նա նաև նկատեց, որ հարցը որոշակի շրջանակների համար քաղաքական շահարկման հարց է դարձել, հորդորեց հարցի մեջ չմտնել և չշահարկել: