Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձոր անտառտնտեսությունում ափապաշտպան անտառաշերտ ունենալու համար տնկվել է 81 հազար ուռենի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձոր անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Ռաշիդ Կոստանդյանը։
«Վանաձորի անտառտնտեսությունում նախատեսվում է տնկել 224 հազար ուռենի։ Այս պահին աշխատանքներն ընթացքում են և 10 օրում պետք է վերջացնենք։ Մայիսի 26-ի դրությամբ տնկել ենք մոտ 81 հազար ուռենի։ Վանաձորի անտառտնտեսությունից 120 հազարը լինելու է Մարգահովիտում, իսկ մնացածը՝ Սպիտակում»,- նշել է Կոստանդյանը։ Նրա խոսքով՝ տեղանքը բարձրադիր են ընտրել՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները և կպչողականության հավանականությունը, քանի որ հողը բավականին խոնավ է։ «Ծառատունկ իրականացնում ենք Չիչխան գետի մոտ, Մարգահովիտում և Ջրաշենում։ Այստեղ լինելու են նաև տարածքներ, որոնք ցանկապատվելու են»,- ասել է Վանաձոր անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ ուռենիների տնկման աշխատանքներ իրականացվում է 7 մարզում՝ Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի։ «Վանաձորի անտառտնտեսությունը աշխատանքների ծավալով 3-րդն է, ամենամեծը՝ Ջիլիզայի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններն են, որտեղ տնկվելու է 435 հազար ուռենի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել միայն ուռենի, քանի որ նպատակը ափապաշտպան տարածքներ ստեղծելն է։ Այս ծրագիրը նաև ունի աղետների ռիսկի նվազեցման կոմպոնենտ»,- ասել է Մելիքյանը։
Ծրագրի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ներգրավել է ընդհանուր առմամբ մոտ 630 աշխատակից, սակայն Մելիքյանի կարծիքով մինչև ծրագրի ավարտը նրանց թիվը կհասնի մոտ 750-ի։