316 դիտում, 2020.05.27 16:49

Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա նյութեր է նախապատրաստում։ Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտարարարություն էր տարածել, որ մայիսի 24-ին ձերբակալվել է Քաջարանի 4 բնակիչ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու և թմրամիջոցների կամ առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց թույլտվության իրացնելու նպատակի կասկածանքով։

Քաջարանի երեք բնակիչների ձերբակալումից հետո հարազատները հավաքվել էին Կապանի ոստիկանության բաժնի մոտ և պահանջում էին ձերբակալված անձանց ազատ արձակել։ Հարազատները պնդում էին, որ ոստիկանությունը տեղյակ չի պահել, թե ինչու է անձանց բերման ենթարկել, ինչպես նաև բռնություն են կիրառել։

կիսվել նյութով -