ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել:
Ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր:
Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ կենդանիների բուժման նպատակով, բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ:
Մայիսի 6-ին օրենքի նախանախագիծն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 120 «կողմ» ձայնով: