458 դիտում, 2020.05.27 14:18

Բժիշկը հեռակա խորհրդատվությամբ դեղ չի նշանակում. ԱՆ խոսնակը հերքում է ԶԼՄ-ի հրապարակումը

Բժիշկը հեռակա խորհրդատվությամբ դեղ չի նշանակում. ԱՆ խոսնակը հերքում է ԶԼՄ-ի հրապարակումը

Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով, և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակմանը, որ կորոնավիրուսով հիվանդ անձին անհրաժեշտ դեղորայքը չի ներարկվել:

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք:

Եթե, իհարկե, հերոսները մտացածին չեն, հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի, և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»,- ասել է խոսնակը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ կորոնավիրուսով հիվանդ 56-ամյա տղամարդուն անհրաժեշտ դեղը չեն ներարկել՝ այն պահելով երիտասարդների համար. տղամարդը մահացել է: Այդ մասին լրատվամիջոցին ահազանգել է պացիենտի դուստրը:

կիսվել նյութով -