կարևոր
2341 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-27 13:46

Բանկերը վերանայել են ավելի քան 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները

Բանկերը վերանայել են ավելի քան 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները

Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված էականորեն վերանայել են են 540 հազար ֆիզիկական անձանց և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները, քաղաքացիները շուրջ 3 ամիս հնարավորություն են ունեցել՝ չմարել պարտավորությունները: Այս մասին առցանց ասուլիսում հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով 2020 թվականին տեղի ունեցած զարգացումներին, ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի ազդեցությանը:

«Բարձր իրացվելիության բարձիկները, որ մեր ֆինանսական համակարգը՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները ունեին, նրանց հնարավորություն տվեց կամավոր կերպով, համագործակցելով նաև կառավարության և ԿԲ-ի հետ, առաջիններից մեկն արձագանքել ֆինանսական համակարգում և տնտեսությունում տեղի ունեցող բացասական երևույթներին: Բանկերը և վարկային կազմակերպությունները հենց առաջիններից արձագանքելով՝ էականորեն երկարաձգեցին, վերանայեցին իրենց հաճախորդների, մեր համաքաղաքացիների վարկային պարտավորությունները: Այս պահի դրությամբ շուրջ 540 հազար ֆիզիկական անձանց և շուրջ 17 հազար իրավաբանական անձանց տրամադրված վարկերի էական վերանայումներ են եղել: Շուրջ 3 ամիս քաղաքացիները հնարավորություն են ունեցել չմարել իրենց վարկային պարտավորությունները»,-ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բանկերը ներկայում էլ շարունակում են, Բանկերի միության կողմից հայտարարված սկզբունքներին համապատասխան, հաճախորդների վարկային պարտավորությունների վերանայում: Գրիգորյանը նկատեց՝ ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, որ որևէ հաճախորդի վարկային պատմություն չպետք է վատթարանա: Նա կարծում է, որ սա ֆինանսական համակարգի կողմից բավականին մեծ քայլ էր՝ այս պայմաններում նպաստելու հաճախորդների ֆինանսական վիճակը չվատթարացնելուն:

Հայաստանում աարտակարգ դրության պայմաններում, Կենտրոնական բանկի հորդորով, առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում: