Առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով ռիսկային են, քանի որ հանգստյան օրեր են: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մեր տեղեկություններով, մասնավորապես, ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Թեպետ մենք ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք: Ուզում եմ կոչ անել, հորդորել ու նաև պահանջել ուսումնական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից: Մենք ասել ենք, որ վերջին զանգը մեր շրջանավարտների համար շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման դեպքում մենք մեկ օր կնշանակենք և ամբողջ պետությունում կնշենք այդ օրը: Բայց հիմա պետք է զերծ մնալ ու խստագույնս պահպանել պարերատան որոշումներն ու Առողջապահության նախարարության ցուցումները»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա դնել պատասխանատվությունը:
«Հետագայում, երբ մենք տեղեկատվությունը կհավաքենք, թե որտեղ ու ովքեր են նման միջոցառումներ իրականացրել կանոնների խախտմամբ, դա պետք է որոշակի կոնկրետ հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, Ոստիկանությունը պետք է, օպերատիվ տեղեկատվությանը տիրապետի, թե ովքեր են, որ կանոններին չեն ենթարկվում: