464 դիտում, 2020.05.27 13:30

Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են Ոստիկանության անցակետեր

Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են Ոստիկանության անցակետեր

Տրանսպորտում` կորոնավիրուսի կանխարգելման սահմանված կանոնների խախտման կապակցությամբ, կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: Այս մասին կառավարության նիստում նշել է Ոստիկանության պետ Արման Սարգսյանը: 

«Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ են կազմվել արձանագրություններ, որոնցում եղել են ընտանիքի անդամներ կամ այլ քաղաքացիներ: Ի կատարումն պարետատան կողմից երեկ տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան քանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,-նշել է ոստիկանապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ այդ անցակետերի նպատակն է համոզվել, որ ոչ մի մեքենայի ուղևոր չի երթևեկում առանց դիմակի: Այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան: Եվ ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում ու բնակավայրերում։ Երևանում և տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի համապատասխան գերատեսչությունները հասկանան, թե որքանով են պահպանվում սահմանված կանոնները»,-ասել է վարչապետը:

կիսվել նյութով -