280 դիտում, 2020.05.27 13:13

Մենք այս մոտեցմանը և այս գաղափարախոսությանը և այս կեղծ օրակարգին դեմ ենք․ Նաիրա Զոհրաբյան

Մենք այս մոտեցմանը և այս գաղափարախոսությանը և այս կեղծ օրակարգին դեմ ենք․ Նաիրա Զոհրաբյան

 Դուք ուզում եք տալ լիազորություն խորհրդարանին՝ չեղարկելու հանրաքվեն, բնականաբար, որից հետո փորձելու եք լուծել ՍԴ հարցը: Մենք ասում ենք՝ սա կեղծ օրակարգ է: Այս մասին ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ երկրում շատ ծանր իրավիճակ է։ 

«Այսօր մենք էլի ունենք կորոնավիրուսի վարակման շատ բարձր թվեր․ 372 դեպք, սոցիալական լարվածություն, սոցիալական բազմաթիվ շերտեր։ Այսօր ունենք լրջագույն խնդիրներ, որոնց լուծում չի տրվում: Հիմա դուք փորձում եք նորից «Հրայր Թովմասյան» անունով կեղծ օրակարգ բերել, թիթեռ եք նկարում այստեղ»,- շեշտեց պատգամավորը, կրկնելով, որ իրենց համար չկա նման օրակարգ:

«Հիմա երկրի իրական օրակարգը թողած, ժողովրդին հուզող բազմաթիվ հարցերը թողած, սոցիալական այս լարվածությունը մեղմելուն ուղղված տնտեսական ռեալ քայլերը թողած՝ մենք ընդամենը փորձում ենք բավարարել ձեր ամբիցիաները՝ ազատվել այս ՍԴ-ից»,- ասաց նա:


Զոհրաբյանը հարցրեց նաև, թե ինչո՞ւ են վախենում հանրաքվեից:

«Համաճարակը կավարտվի, արտակարգ իրավիճակը կավարտվի, կանեք հանրաքվեն: Ի վերջո, դուք եք ասել այս ամբիոնից, որ ձեզ համար գերակա է լինելու ժողովրդի ձայնը: Ժողովրդի ձայնով կորոշեք Սահմանադրական դատարանի կամ որևէ այլ ինստիտուտի խնդիրը: Բայց բերել խորհրդարանին տալ հակասահմանադրական լիազորությո՞ւն: Նույն տրամաբանությամբ վաղը դուք կարող եք ասել՝ եկեք խորհրդարանում Հայաստանը հռչակենք միապետություն։ Մենք այս մոտեցմանը և այս գաղափարախոսությանը և այս կեղծ օրակարգին դեմ ենք»,- իր ծոսքն այսպես  եզրափակեց պատգամավոր  Զոհրաբյանը:

կիսվել նյութով -