772 դիտում, 2020.05.27 13:06

Կալիֆորնիայի նահանգապետը մերժեց Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակումը

Կալիֆորնիայի նահանգապետը մերժեց Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակումը

Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը մերժել է 38 տարի առաջ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակումը՝ պատճառաբանությամբ, թե նա դեռ վտանգ է ներկայացնում հասարակության համար:

Նահանգապետը նշել է, որ գնահատում է անցած տասնամյակներում բանտում Սասունյանի գործադրած ջանքերը՝ իր վարքը վերափոխելու համար, սակայն գտնում է բացասական գործոններն ավելի շատ են եզրակացնելու, որ նա դեռ պատրաստ չէ վաղաժամ ազատ արձակմանը: Կալիֆորնիայի նահանգապետն ընդգծել է, որ Սասունյանը պետք է հավելյալ ջանքեր գործադրի՝ ազատության մեջ հայտնվելու համար:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին «Բանտարկյալների ազատ արձակման խորհուրդն» առաջարկել էր ազատել Համբիկ Սասունյանին, բայց փաստորեն նահանգապետն այն մերժեց: 2016-ին եւս կար Սասունյանին ազատ արձակելու հանձնարարական, սակայն դա էլ մերժել էր այն ժամանակ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը: Սասունյանի պաշտպանական թիմը հայտնել է, որ խորապես հիասթափված են Գեւին Նյուսոմի որոշումից:

Սասունյանը կրկին ազատ արձակման դիմումի իրավունք կստանա 18 ամիս անց: Համբիկ Սասունյանը դատապարտված է ցմահ ազատազրկման՝ 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար:

կիսվել նյութով -