404 դիտում, 2020.05.27 12:30

Նոր պարեկային ծառայության ներդրման համար պետբյուջեի վրա բեռը կկազմի 4 մլրդ դրամ

Նոր պարեկային ծառայության ներդրման համար պետբյուջեի վրա բեռը կկազմի 4 մլրդ դրամ

Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն նոր՝ պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ պետբյուջեի վրա բեռը կկազմի մոտ 4 մլրդ դրամ:

ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարմանն այս մասին ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

«Երևանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության տարեկան աշխաատվարձային ֆոնդը շուրջ 3 մլրդ դրամ է: Իսկ նոր՝ նախատեսվող պարեկային ծառայության դեպքում ունենք 4,3 մլրդ դրամ: Բայց հաշվի ենք առնում, որ ՃՈ և ՊՊԾ-ի գծով մենք ունենք նաև պրագևատրման ֆոնդ: Եվ այդ ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 մլրդ դրամի հետ, մենք Երևանում մի բան էլ խնայում ենք»,-ասել է փոխնախարարն ու հիշեցրել՝ խոսքը, սակայն, 2021 թվականի բյուջեի մասին է:

Մեքենաների և սպառազինությունների գծով 3,3 մլրդ դրամի ծախս է հաշվարկված այս առումով: Սրանք շատ նախնական թվեր են, քանի որ ձեռքբերումները մրցույթներով են լինելու, հաղթելու է նվազագույնը գին-առաջարկը: Շինությունների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքների համար կհատկացվի 720 մլն, նոր շինություններ չեն կառուցվելու: «Այս բոլոր թվերի համադրմամբ պետական բյուջեի վրա բեռը ծառայության ներդրման ուղղությամբ 4 մլրդ դրամի կարգի է լինելու»,-նշել է փոխնախարարը:

Քննարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն: