Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է բարձրացնել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 117 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներ:
Առաջարկվում է պարզեցված ընթացակարգով փոփոխել սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է աճուրդների անցկացման կարգին: Այն պայմանավորված է աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու, մեկնարկային գինը վերանայելու և իրականացման առավել հստակ կարգորոշումներ՝ աճուրդային և մրցութային հանձնաժողովներ սահմանելու անհրաժեշտությամբ: Առաջարկով կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը՝ կադաստրային արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս: Այսպիսով, աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն՝ հստակ նախավճար վճարելու, մասնավորապես, տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կհանձնվի մասնակցի վկայական: Ավագանու ինստիտուտի դերը բարձրացնելու նպատակով մրցութային հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը վերապահվելու է ավագանուն: