260 դիտում, 2020.05.27 10:22

ԱԺ­-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնություները մեկ տարով երկարաձգող արձանագրությունը

ԱԺ­-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնություները մեկ տարով երկարաձգող արձանագրությունը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց արձանագրությունը, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն:

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» ձայն:

Հայաստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել էր արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 1-ին: 

Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս մեկ տարով երկարաձգվեն՝ բացառելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում:

Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնը, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի յուղը, մարգարինը և այլ յուղեր, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և այլն:

Սա թույլ կտա Հայաստանի տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, ՀՀ էկոնոիկայի նախարարության նախնական հաշվարկներով, խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Խորհրդարանը վավերացրեց նաև մեկ այլ արձանագրություն, որով նույն կերպ՝ ևս մեկ տարով երկարաձգվում է Ղրղզստանին տրված արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը: 

կիսվել նյութով -