Պարետատունը քննարկել է թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը։ Առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։
«Քննարկել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը։ Որոշ ժամանակ անց, կարծում եմ, որ թեստավորման շարունակական ավելացման գործընթացը էլ ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց փոխվարչապետը։
Արտակարգ դրության ռեժիմի պարետը չբացառեց որոշակի սցենարի դեպքում կրկին կարատինային ռեժիմի սահմանումը։
«Որոշ դեպքերում որոշ համայնքներում նմանատիպ ռեժիմ սահմանում ենք, ինչպես, օրինակ՝ սահմանվել է Սևանում, Արենիում, և վարչական առումով կրկին լինելու են խստացումներ։ Պետք է խնդրենք նաև մեր սիրելի հայրենակիցներին, որպեսզի ըմբռնումով մոտենան այս խստացումներին և, կարծում եմ, այս ընդհանուր կանոնների պահպանման տրամաբանությունը և մեր պարտաճանաչությունը թույլ կտան իրապես նվազեցնել վարակի տարածման թվերը, որը մեզ պետք է ընդամենը մեկ նպատակով՝ առողջապահական համակարգի բավարար կարողությունների և սպասարկման ունակությունների պահպանման համար։ Առողջապահական համակարգը պետք է շարունակաբար կարողանա սպասարկել հիվանդներին»,- ընդգծեց Ավինյանը։
ՀՀ փոխվարչապետը նշեց, որ վարակի տարածման մարման մասին որևէ երկիր չի խոսում և վարակը դեռևս մնալու է տևական ժամանակ։
«Կարևորագույն գործոն է այդ ամենում կանոնների, սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակների կրումը և ձեռքերի պարբերաբար ախտահանումը»,- եզրափակեց Ավինյանը։
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք: