334 դիտում, 2020.05.26 19:14

Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է. նախագահ Արմեն Սարգսյան

Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է. նախագահ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ։ Նա նաև ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը կարող է առանցքային հարց դառնալ քաղաքական օրակարգում։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը հարցազրույցում նաև ասել է.

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է»։ Նա հավելել է, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ և նկատել.

«-Ուստի պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ: Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխությունները տեղի են ունենում մարդու կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ վերափոխումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա:

Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, այսօր ակտիվորեն քննարկվում է բոլոր մակարդակներում: Ակնհայտ են համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները և շարունակական անկման փուլը: «Իմ կարծիքով, համավարակն ունի մի շարք ավելի խորքային հետևանքներ,-ընդգծել է Հայաստանի նախագահը:-Նախ, միջազգային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների առաջ, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ են կրում: Երկրորդը՝ պետությունն ու հասարակությունը զգացին, թե որքան կարևոր է միջոցներ ներդնել հենց գիտության, առողջապահության ոլորտներում, ինչը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր»:

Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս կարող է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ազդել ԵԱՏՄ անդամ երկրների վրա, նախագահ Սարգսյանն ասել է, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր ընտրել է պայքարի իր սեփական մեթոդը, հետևաբար, հետևանքները տարբեր կլինեն: «Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ այս ճգնաժամն ինչ-որ առումով կծառայի որպես ինտեգրման կատալիզատոր, առաջին հերթին՝ գիտական և առողջապահական ոլորտում,- նշել է նախագահ Սարգսյանը: -Արմատական փոփոխություններ տեղի կունենան աշխատանքի շուկայում, որը, պարզվեց, համավարակի ֆոնին ամենախոցելիներից է: Բարձր որակավորում ունեցող անձնակազմի պահանջարկը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի: Անհրաժեշտ է լուծել այս կարևորագույն խնդիրները, ինչը կպայմանավորի ակտիվացումը համագործակցության երեք ուղղությամբ՝ գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ: Սիներգետիկ արդյունքը, որին հնարավոր է հասնել ԵԱՏՄ երկրների՝ այս ոլորտներում հնարավորությունների համադրման միջոցով, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման գործում»:

Հետևանքների թվում նախագահը նաև նշել է, որ առողջապահության ոլորտի համաշխարհային ճգնաժամը, հնարավոր է, կլիմայի փոփոխությունն առանցքային հարց դարձնի քաղաքական օրակարգում, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի իրական են դառնում: «Բացի այդ, երկրներն առավելագույն ջանքեր կներդնեն և ի ցույց կդնեն իրենց ներուժը՝ փորձելով վերագործարկել տնտեսությունը,- ասել է Հայաստանի նախագահը։ -Դա կարող է ավելի խորացնել կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունն այն իմաստով, որ բնապահպանական կանոնները, ամենայն հավանականությամբ, կթուլանան կամ ամբողջովին կանտեսվեն»:

կիսվել նյութով -