570 դիտում, 2020.05.26 19:06

ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել

ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։

Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը, որի արդյունքում բացահայտվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:

Մասնավորապես մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին դիմակների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դիմակները ձեռք է բերել  բարձր գներով։ Մասնավորապես՝ մեծածախ վաճառքի գինը մեկ դիմակի համար 2020 թվականի մայիսին միջինում կազմել է 120-175 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը` միջինում  160-220 դրամ: