348 դիտում, 2020.05.26 18:30

Ադրբեջանը չի ապահովել Ռամիլ Սաֆարովի պատժի պատշաճ կրումը․ փաստաբանը մանրամասնում է ՄԻԵԴ վճիռը

Ադրբեջանը չի ապահովել Ռամիլ Սաֆարովի պատժի պատշաճ կրումը․ փաստաբանը մանրամասնում է ՄԻԵԴ վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանը բազմաթիվ անգամ փորձել է արդարացնել ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը, սակայն այդ արդարացումները միջագային դատարանին չեն բավարարել։ Մայիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների շահերի ներկայացուցիչ Լևոն Գևորգյանը։

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված կյանքի իրավունքի ոտնահարման փաստին՝ Գևորգյանն ասաց, որ Ադրբեջանը բազմիցս փորձել է արդարացնել իր գործողությունները Եվրոպական կոնվենցիայի էքստրադիցիայի մասին իրավակարգավորումներով, ինչպես նաև Ռամիլ Սաֆարովի հոգեկան խանգարումների, սթրեսային իրավիճակների մասով։

«Այդ արդարացումները Եվրադատարանի կողմից չեն ընդունվել։ Եվրոպական դատարանը փաստացի արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային կողմի խախտում։ Այսինքն՝ չի ապահովել պատշաճ պատիժը, որը համահունչ կլիներ համապատասխան անձի կողմից իրականացված հանցագործությանը»,- ընդգծեց Գևորգյանը։

Փաստաբանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլ ընդհանրապես որևիցե այլ միջազգային դատական ատյանի առաջին վճիռն է որտեղ փաստացի արձանագրվում է արմենոֆոբիայի երևույթը։

«Մեր կողմից ներկայացված փաստագրական տվյալները դատարանի համար բավարար են հանդիսացել։ Ադրբեջանի խտրկանության փաստը, Ադրբեջանի վարած քաղաքականությունը բացահայտ է։ Այստեղ խոսքը ոչ միայն ներման փաստի մասին է, որը տեղի է ունեցել անմիջապես Ռամիլ Սաֆարովի փոխադրման հաջորդ իսկ օրը, խոսքը գնում է ամենաբարձր մակարդակով քաջալերման, ոգևորման և հերոսացման հետ կապված հայտարարություններին, որոնք արվել են թե Ադրբեջանի քաղաքական էլիտայի կողմից, թե բարձր պաշտոնատար անձնանց, թե միջազգային կառույցներում Ադրբեջանի ներկայացուցիչների, որոնք բացահայտել են տվյալ պետության կողմից վարվող արմենոֆոբ և խտրական քաղաքականությունը, որոնք դատարանի կողմից համարվել են անհերքելի»,- եզրափակեց Գևորգյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։

ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Հայցում նշվել է ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) դատական ծախսերի մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:

կիսվել նյութով -