316 դիտում, 2020.05.26 17:32

ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը

ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը և ատելությունը։ Մայիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ընդգծելով, որ շուրջ 16 տարվա հետևողական պայքարից հետո կարողացել են վերկանգնել արդարությունը։

Նա նշեց, որ Մարգարյանի գործով կարողացել են հարցի հարթությունը փոխել և այնպես անել, որ պատասխատվություն կրի ոչ թե մասնավոր անձը, այլ պետությունը։

«Առաջին ձեռքբերումն այս վճռի կայացմամբ այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը և այս անպատժելիության համար պետությունն է հանձառու և հետագա բոլոր պահանջվող միջոցների հասցեատերը լինելու է ոչ թե մարդասպանը, այլ Ադրբեջանը։ Այս գործով ունենք մեզ գոհացնող վճիռ, որով արձանագրվել են Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի իրավունքների խատումները»,- ասաց Սահակյանը։

Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է կյանքի իրավունքի խախտումը և հակահայկական խտրականությունը, որը իրականացնում է Ադրբեջանը հայերի նկատմամբ։ «Այս առումով պատմականորեն սա առաջին վճիռն է երբևիցե գոյություն ունեցող, որ միջազգային դատական ատյանն արձանագրում է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը և ատելությունը։ Այս վճռի իրավական հետևաքները պետք է լինեն նաև այն, որ Ադրբեջանը պետք է ապահովի ժամանակի ընթացքում հակահայկական խտրականության վերացումը։ Քանի որ վճիռը նաև արձանագրել է ներման արդյունքում կյանքի իրավունքի խախտում, սրան պետք է հաջորդեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարդասպանի կողմից վճռի փաստացի կրումը»,- ընդգծեց Սահակյանը։

Փաստաբանը ցավով նշեց, որ Հունգարիայի կողմից խախտումների փաստը ՄԻԵԴ-ը չի արձանագրել, սակայն Սահակյանը չի բացառում, որ այս հարցով կգնան մինչև վերջ և կդիմեն ՄԻԵԴ-ի Մեծ պալատ։

Փաստաբանի կարծիքով՝ այս գործը պետության համար շատ մեծ նշանակություն ունի։ «Ընտանիքի կորուստն անդառնալի է, և ընտանիքը նաև չի պահանջել նյութական փոխհատուցում, մեր պայքարը եղել և մնում է բարոյական և իրավական հարթության մեջ։ Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել նաև Գուրգեն Մարգարյանի հարազատներին և Հայկ Մակուչյանին, ովքեր, իրենց վիշտը մի կողմ դնելով, ուժ են գտել և վստահել են մեզ այս գործընթացը, կանգնել են մեր կողքին, որպեսզի պետական նշանակության այս խնդիրը մենք կարողանանք կյանքի կոչել, և սա բացառապես հնարավոր է դարձել մասնավոր անձանց նախաձեռնությունների շնորհիվ»,- շեշտեց Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։

ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Նրանք հայցում նշել էին ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) փոխհատուցման մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել հայցվորներին։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:

կիսվել նյութով -