412 դիտում, 2020.05.26 17:17

ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը

ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը

 Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

«Այս փաթեթի ընդունումը բխում է այս տարվա ապրիլի 23-ին կառավարության կողմից հաստատված՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է պարեկային ծառայության ստեղծումը: Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը»,-ասաց փոխնախարարը:

Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5 ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Այս ընթացքում Երևանում գործարկման պայմաններում մարզերում գործելու են ՃՈ-ի երկրորդ սպայական գումարտակը և պարեկապահակային ծառայությունը՝ մինչև ողջ հանրապետությունում կներդրվի: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որ բացի զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթները, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն: Կենտրոնն ունենալու է ժամանկակից տեխնիկական հագեցվածություն, միացած է լինելու պարեկային ծառայության տեսախցիկներին: