388 դիտում, 2020.05.26 16:25

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԵԱՏՄ-ի շրջանակում արձանագրություն վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Տնտեսական միության շրջանակում ևս մեկ տարով մաքսային արտոնություն է տրվում Ղրղզստանի Հանրապետությանը: Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել արձանագրությունը: Արձանագրությամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ: Ղրղզստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ այդ թվում միանալով ԵԱՏՄ գործող մաքսատուրքերին: Սակայն, հաշվի առնելով, որ մաքսատուրքերի միացումը կբերեր որոշակի ապրանքների թանկացմանը, վերջինիս տրվել է առավելություն՝ 5 տարի ժամանակահատվածով կիրառել արտոնյալ մաքսային դրույքաչափեր այն ապրանքների նկատմամբ, որոնք կսպառվեն Ղրղզստանում: Խոսքը մոտ 221 ապրանքատեսակների մասին է, որոնցից 82-ը վերաբերում են 87 ապրանքային խմբում դասվող տրանսպորտային միջոցներին: 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց Ղրղզստանի համար այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբին դասվող տրասպորտային միջոցների»,-ասել է փոխնախարարը:

Այսպիսով, Ղրղզստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում ևս մեկ տարի ունենալ արտոնյալ մաքսատուրքեր՝ որոշ ապրանքատեսակների մասով: Այդ իրավակարգավորումը Ղրղզստանի համար կգործի հետադարձ ուժով՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսած: