Երկար տարիներ ժամանակավոր կացարանում բնակվելուց հետո Մալխասյանների մեծ ընտանիքը «Ազնավուր» հիմնադրամից ստացավ իր նոր բնակարանի սեփականության վկայականն ու բանալին։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Ընտանիքը ժամանակավոր կացարանում անցկացրել էր բազում ծանր, ցուրտ ու մութ տարիներ՝ առանց էլեկտրականության և պատշաճ ջեռուցման: Այժմ նրանք տեղափոխվել են իրենց նոր, ընդարձակ բնակարան՝ ետևում թողնելով երկրաշարժի և դրա հետևանքով տան կորստի հետ կապված ծանր հիշողությունները:
Սիրանուշ Մալխասյանն ընդամենը 7 տարեկան էր, երբ ընտանիքը սկսեց ապրել այդ տնակում։ Այսօր արդեն 33-ամյա երիտասարդ կինը խոստովանում է, որ երբեք չի դադարել երազել և հավատալ, որ մի օր կունենա իր սեփական տունը:
«Հիմա մենք վերջապես ունենք մեր սեփական բնակարանը, և դա այնպիսի մեծ երջանկություն է: Մենք անչափ ուրախ ենք, քանի որ արդեն կարող ենք հոգալ մեր երեխաների կարիքները, որպեսզի նրանք ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ, ունենան ավելի ուրախ մանկություն, քան մերն էր: Երբեք պետք չէ հուսահատվել, պետք է առաջ նայել և շարժվել առաջ, քանի որ Աստված մեծ է, և կան աշխարհում բարի մարդիկ»,- ասում է 1988-ի երկրաշարժից փրկված Սիրանուշ Մալխասյանը:
Հավատարիմ մնալով հասարակության խոցելի խմբերին աջակցելու իր առաքելությանը՝ «Ազնավուր» հիմնադրամը և մեկ այլ բարեգործ, որը ցանկացել է անանուն մնալ, նոր տուն են նվիրել Մալխասյանների ընտանիքին: «Մեր երազանքները, նպատակներն ու ձգտումները հաճախ ուղղակիորեն կապված են մեր կյանքի որակի հետ: Երբ մարդիկ կենտրոնանում են միայն իրենց անցյալի խնդիրների և դժվարությունների վրա, դա հաճախ խանգարում է ապագայի հետ կապված նպատակներ սահմանել և արգելափակում դրանք իրագործելու հնարավորությունը։ Ողջ ունեցվածքը կորցրած մարդկանց համար մեծ երջանկություն է դարձյալ սեփական տանիքն ունենալ, և «Ազնավուր» հիմնադրամն ուրախ է աջակցել ևս մեկ ընտանիքի՝ ունենալու բարեկեցիկ ապագա: Կարիքավորներին աջակցելն ու նրանց ձայնը լսելի դարձնելը Շառլ Ազնավուրի համար հիմնարար արժեքներ էին, որոնք մենք պահպանում ենք ու տարածում»,-ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը:
«Ազնավուր» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր այն աջակիցներին, որոնց ներդրումների շնորհիվ հնարավոր է դառնում վերաբնակեցման այս ծրագրի իրականացումը։ Հիմնադրամը կոչ է անում նոր գործընկերների միանալու այս նախաձեռնությանը՝ բարեկեցիկ ու արժանապատիվ միջավայր ապահովելու համար անբարենպաստ պայմաններում գտնվող հազարավոր մարդկանց։