336 դիտում, 2020.05.26 13:09

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կարտադրի շուրջ 1000 թեստ կորոնավիրուսի ախտորոշման համար

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կարտադրի շուրջ 1000 թեստ կորոնավիրուսի ախտորոշման համար

Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացավ թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկեցին աշխատանքների ընթացքը և զարգացումները:

«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- նշել է Արսեն Առաքելյանը:

Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց կատարվող աշխատանքները և ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:

կիսվել նյութով -