կարևոր
1750 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-26 12:43

ԱԺ նախագահը ողջունեց «Լուսավոր Հայաստան»-ի՝ Ազգային ժողովի նիստերին մասնակցելու որոշումը

ԱԺ նախագահը ողջունեց «Լուսավոր Հայաստան»-ի՝ Ազգային ժողովի նիստերին մասնակցելու որոշումը

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ողջունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ վերադառնալու որոշումը: Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում:

«Մենք վաղ առավոտից շտապեցինք քննարկել օրակարգի հարցերը և մոռացանք ողջունել մեր գործընկերների վերադարձը խորհրդարան: Ես ուզում եմ ողջունել «Լուսավոր Հայաստան»-ի որոշումը՝ վերադառնալ և մասնակցել նիստերին: Եվ ես հիշեցի, որ առնվազն  մամուլից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեր հարգելի գործընկերները հայտարարել էին, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ այժմ, այսօր այստեղ տեսնելով մեր գործընկերներին, ենթադրել կարող եմ, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին: Տեղի ունեցածը դատապարտվել է, դատապարտվել է նաև վարչապետի կողմից, խմբակցության բազմաթիվ գործընկերների կողմից»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով նրան, որ ինքը որպես ԱԺ նախագահ և տվյալ նիստը նախագահող, ծեծկռտուքի միջադեպի ընթացքում դուրս չի հրավիրել իր խմբակցության գործընկերներին, նաև այլ պատգամավորների, հիշեցրեց, որ ինքը հայտարարել է ընդմիջում, որի արդյունքոմ դահլիճից դուրս են հայտնվել բոլոր պատգամավորները: Կարծում է, որ այլ մեկնաբանության կարիք չկա:

Իսկ ինչ վերաբերում է նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար պատգամավորներին նախազգուշացում տալու իր որոշմանը՝ Միրզոյանն ասաց, որ կարող են իր այդ որոշումը բողոքարկել ընդհուպ Սահմանադրական դատարանում՝ ինչ կազմով էլ, որ այն գործի: