330 դիտում, 2020.05.26 12:08

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ԼՀԿ-ի՝ խորհրդարանական լսումների իրավունքին առնչվող նախագիծը

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ԼՀԿ-ի՝ խորհրդարանական լսումների իրավունքին առնչվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր խմբակցություններին թույլ տալ մեկից ավելի անգամ հրավիրել խորհրդարանական լսումներ՝ ընդ որում ցանկացած թեմայով: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Մեր նախաձեռնությունը վերաբերում է խորհրդարանական լսումների իրականացմանը: Այս հարցը շատ է քննարկվել, ԲՀԿ-ի մեր գործընկերները մի քանի անգամ այս նախաձեռնությունը բերել են: Սակայն, մեր նախաձեռնությունը տարբերվում է նրանով, որ խորհրդարանական լսումներ իրականացնելու խմբակցություններին տրամադրվող  իրավունքը մեկ հնարավորությունից դարձնում ենք անսահման: Այսինքն՝ հանում ենք այն սահմանափակումը, որ դրված է այսօրվա կանոնակարգ օրենքով, և թույլ ենք տալիս խմբակցություններին մեկից ավելի անգամ խորհրդարանական լսումներ հրավիրել: Ավելին՝ 125-րդ հոդվածում կա ևս մեկ սահմանափակում՝ այն է խմբակցությունները սահմանափակված են լսումներ իրականացնել միայն այնպիսի հարցերով, որոնց կապակցությամբ խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Մենք այս սահմանափակումը ևս հանում ենք և առաջարկում, որ խմբակցությունները սահմանափակված չլինեն որևէ առարկայով»,-ասաց Սիմոնյանը:

Խմբակցության անդամները կարծում են, որ սա պառլամենտական մշակույթի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քայլ է:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց՝ նախագիծը քննարկել են  բազմիցս, փորձել են կոչ անել բոլոր խմբակցությունների բոլոր ներկայացուցիչներին՝ առավել ակտիվ լինել, նախաձեռնել լսումներ: «Այդքան խոսելուց հետո, օրինակ, պետաիրավական հանձնաժողովում ոչ մեկը մեր ընդդիմադիր գործընկերներից, չդիմեց որևիցե հարցով՝ այդ թվում իրենց կողմից նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում լսումներ կազմակերպելու: Բայց այս ոդիսականը շարունակվում է… Չենք կարող ասել, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս խմբակցություններին կամ որևիցե մեկին չիրացնել իրենց՝ լսումներ կազմակերպելու իրավունքը: Այս պարագայում սահմանափակումները հանելը շատ ավելի վտանգավոր է»,-ասաց Վարդանյանը:

Նա հիշեցրեց՝ տրամաբանությունը հետևյալն է՝ խմբակցությունն ունի լսումներ կազմակերպելու իրավունք, և այդ լսումների կազմակերպումը սահմանափակվում է այն օրինագծերով, որոնք նախաձեռնել են կամ այդ խմբակցությունը, կամ խմբակցության անդամները: Նույնն էլ հանձնաժողովը՝ հանձնաժողովն իրավունք ունի կազմակերպել լսումներ այն օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում, որոնք մտնում են այդ հանձնաժողովի տիրույթի մեջ: Ըստ էության, անսահամանափակ լսումներ անցկացնելու իրավունքը ցանկացած հարցի վերաբերյալ նախատեսված չէ: «Դրա համար կա ԱԺ նախագահ, նա ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, հրավիրում է լսումներ: Եվ ես այս ընթացքում չեմ լսել որևէ դեպք, որ լսումների անցկացումը մերժվի կամ հանձնաժողովի, կամ նախագահի կողմից»,-ասաց Վարդանյան ու նշեց՝ հանձնաժողովի նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 33 «կողմ», 79 «դեմ» ձայներ՝ չընգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

կիսվել նյութով -