356 դիտում, 2020.05.25 21:44

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մայիսի 25-ին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել է ՏՄՊՊՀ-ի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ 2019 թվականն անցումային տարի էր հանձնաժողովի համար. ձևավորվեց հանձնաժողովի նոր կազմը, փոխվեց կարգավիճակը, կառուցվածքը համապապատասխանեցվեց զարգացած աշխարհում տնտեսական մրցակցության մարտահրավերներին:

«Որպես նոր կարգավիճակ ունեցող հանձնաժողովի նորընտիր նախագահ` իմ առջև դրված առաջնահերթ խնդիրն է եղել հանձնաժողովի հանդեպ վստահության բարձրացումը և հենց այդ տեսլականով 2019 թվականին հանձնաժողովը փորձեց կառուցել իր գործունեությունը», - շեշտել է բանախոսը:

ՏՄՊՊՀ նախագահի տեղեկացմամբ` «Համաշխարհային տնտեսական ֆորում»  կազմակերպության 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, որը հաշվարկվում է 12 հենասյուների հիման վրա, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը և  հարևան երկրների համեմատ գտնվում է բարելավված դիրքում: Նույն զեկույցի համաձայն՝ մեր երկիրը նշանակալի բարելավել է դիրքը Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության և Ծառայությունների ոլորտում մրցակցության մակարդակի ցուցանիշներով՝ առաջինի դեպքում` 47-րդ հորիզոնականից զբաղեցնելով 35, մյուս դեպքում` 41-րդից 19-րդ հորիզոնականները:

Գեղամ Գևորգյանի խոսքով` այս ցուցանիշների բարելավումը միայն հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված չէ, այլ ամբողջ կառավարման ապարատի կատարած աշխատանքի արդյունքն է:

ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև 2017-2019 թվականների ընթացքում հանձնաժողովի հարուցած վարույթների վիճակագրությունը և համեմատականը: Ուշագրավ է, որ հաշվետու տարում վարույթներ են հարուցվել, որոնց գծով նախորդ երկու տարիներին  հարուցված վարույթների թիվը 0 է եղել:

Մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ, որոնք համարվում են մրցակցության ոլորտում ամենածանր խախտումները, հարուցվել է 2, պետական  մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ՝ 6 վարույթ: «Սա հանրության համար շատ կարևոր հաղորդագրություն է  առ այն, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտումներ պարունակող գործողությունների դեմ»,- արձանագրել է Գեղամ Գևորգյանը:

Միաժամանակ, գերիշխող դիրքի չարաշահումների առումով 2019 թվականին հարուցվել է 20 վարույթ, ինչը 2.5 անգամ ավել է 2018 (3 վարույթ) և 2017 (5 վարույթ) թվականներին այդ գծով հարուցված վարույթների հանրագումարից: 

Համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ 2017 թվականին հարուցվել է 43, 2018 թվականին՝ 25 և 2019 թվականին` 30 վարույթ, չհայտարարագրված համակենտրոնացումները համապատասխանաբար եղել են 23, 7 և 8:  Անբարեխիղճ մրցակցության գծով վարույթները, որոնք առավել հաճախ  արձանագրվող խախտումներից են, հաշվետու ժամանակահատվածում 57 են եղել, նախորդող տարիներին 35 և 55 վարույթներ են քննվել:

Այնուհետև ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձ է կատարել առանձին ոլորտներում բացահայտված խնդիրներին, ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրությունների հիմնական արդյունքներին, հանձնաժողովի կողմից առաջարկվող լուծումներին և զարգացման տեսլականին, ինչպես նաև պատասխանել պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին:

Հաշվետվության մանրամասները՝ հանձնաժողովի պաշտոնական կայքում։ 

կիսվել նյութով -